«Դա ձեզ չի օգնի անվտանգություն ձեռք բերել կամ հզորանալ». Huawei-ը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ընկերությունը «սև ցուցակում» ներառելու մտադրությունը
Չինաստանում հեռահաղորդակցության սարքավորումների խոշորագույն արտադրող Huawei ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր նկատմամբ անհիմն կերպով սահմանափակող միջոցների կիրառումը չի օգնի Վաշինգտոնին անվտանգության ձեռք բերել կամ հզորանալ, քանի որ երկիրը ստիպված կլինի օգտվել ավելի թանկ և պակաս որակյալ այլընտրանքային սարքավորումներից, գրում է РИА Новости-ն՝ Huawei-ի տարածած հայտարարությանը հղումով:
Ընկերությունը հավելել է, որ, վերջին հաշվով, նման քայլը կազդի ամերիկյան ընկերությունների և սպառողների շահերի վրա:
«Անհիմն սահմանափակումներն անպատշաճ ոտնձգություն են Huawei ընկերության իրավունքների նկատմամբ, որոնք իրավական լուրջ հարցեր կառաջացնեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր Huawei-ն իր 70 ստորաբաժանումների հետ ներառյալ «սև ցուցակում» գրանցելու մտադրության մասին: Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ պատճառն ընկերության գործունեությունն է, որը հակասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված սպառնալիքների առնչությամբ արտակարգ իրավիճակ սահմանելու մասին հրաման է ստորագրել:










