Մեծ Բրիտանիան մոտ 28 մլն դոլար կհատկացնի կիբեռկենտրոնի ստեղծմանը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 27,8 մլն դոլար է հատկացրել երկրում կիբեռկենտրոնի ստեղծման համար: Դրա գլխավոր խնդիրը երկրի թվային հաղորդակցությունն արտաքին վտանգներից պաշտպանելը կլինի: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության մամուլի հաղորդման մեջ:
Պաշտպանության նախարար Փենի Մորդոնթի խոսքով՝ կենտրոնը նաև կաջակցի արտերկրում իրականացվող գործողություններին ու մարդասիրական առաքելություններին:
«Ժամանակն է խոսքից գործին անցնելու»,- հայտարարել է Մորդոնթը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակների առաջ:
«Կիբեռհարձակումները կարող են կործանել մեր ազգային ենթակառուցվածքները և քայքայել ժողովրդավարական հաստատությունները: Մեր թշնամիները կարծում են, որ կարող են ապօրինաբար գործել, սակայն մենք պետք է նրանց հակառակն ապացուցենք»,- հավելել է նախարարը:
Նախատեսվում է, որ կիբեռկենտրոնն իր գործունեությունը կսկսի 2020թ.-ին:










