Թատերական ինստիտուտի ընդվզող ուսանողների մի մասն ուղղորդված է եղել, նրանց հետ հանդիպմանն էլ եմ ասել, ևս մեկ հանդիպում կլինի՝ ռեկտորի մասնակցությամբ. ԿԳ նախարար
Ես Թատերական ինստիտուտի ուսանողներին ասել եմ, որ դռներ փակելն անցանկալի գործողություն է, իրենց հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ եթե կան խնդիրներ, մտահոգություններ, շատ հանգիստ նրանք կարող էին շուտ գալ նախարարություն, դրանց մասին ասել, հարցը չհասցնել այդ գործողություններին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների կողմից նորընտիր ռեկտորի հրաժարականի պահանջին:
«Ես իրենց էլ եմ ասել, որ մենք արձանագրել էինք ինչ-որ խումբ ուսանողների ուղղորդում, դա հստակ է մեզ համար եղել, ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպման ժամանակ սրա վրա կանգ չառանք, որովհետև դա մեզ համար շատ անկարևոր է, և բոլոր այդ դրսևորումները պետք է արհամարհվեն, որովհետև դա արվում է այն խմբերի կողմից, որոնք մեկ տարուց ավելի է՝ մերժված են և մերժված են լինելու»,- ասաց ԿԳ նախարարը:
Հարությունյանը հավելեց, որ ուսանողների հետ հանդիպել է, ունեցել են բավականին երկար զրույց, խոսել են ուսանողների բարձրացրած հարցերի մասին:
«Ես իրենց ասել եմ, որ այսօր նաև ընտրված ռեկտորի հետ կհանդիպեն, կնախատեսենք ընդլայնված հանդիպում բոլոր ուսանողների հետ, կարծում եմ, որ իրավիճակը այդ ԲՈՒՀ-ում կվերադառնա բնականոն հուն, արդեն իսկ վերադարձել է:
Երեկ բնականոն աշխատել են, այսօր կասեմ՝ որ օրը հանդիպում կունենանք: Խնդիրները, որ բարձրացրել են և օբյեկտիվ են և սուբյեկտիվ են, բոլորը որպես փաստ կդնենք քննարկման սեղանին և լուծում կգտնենք, այդ խնդիրները կվերացնենք»,- նշեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականից հետո ցանկալի ռեկտորի թեկնածու ունի, նա պատասխանեց. «Բոլոր հնարավոր ընտրությունների ժամանակ ես հրաժարվում եմ աջակցություն հայտնել որևէ թեկնածուի, որովհետև զբաղեցնելով այն պաշտոնը, որ ես եմ զբաղեցնում, դա կարող է դիտվել որպես սեփական թեկնածուին առաջ տանելու ցանկություն, ուստի ես որևէ անուն չեմ տա ու մինչև հիմա էլ չեմ տվել»:










