Սփյուռքի նախարարությունը շուտով կներկայացնի հայրենադարձներին բնակարանով ապահովող «Օջախ» պիլոտային ծրագիրը. Բաբկեն Տեր-Գրիգորյան (տեսանյութ)

21:32 • 24.05.19

Սփյուռքի նախարարությունը մշակում է «Օջախ» անունը կրող պիլոտային ծրագիրը, որը միտված է օգնել հայրենադարձներին ու վերադարձողներին սուբսիդավորված վարկերով բնակարան գնել Հայաստանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը գործելու է բալային համակարգով՝ կախված մեկ ընտանիքից քանի մարդ է ցանկանում վերադառնալ կամ հայրենադարձվել. «Այս ամենի արդյունքում հիփոթեկային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի: Սա, ըստ էության, նման է «Բնակարան՝ երիտասարդ ընտանիքների համար» ծրագրին: «Օջախ»-ն արդեն ներկայացվել է նախարարական կոմիտե, անցել է արդեն ժողովրդագրական խորհուրդ, որտեղ պետք է քննարկվի և շուտով ստանա Կառավարության հավանությունը»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինտեգրացիոն գործընթացն ապահովելու համար՝ հայրենադարձների համար չի լինելու առանձնացված շենքեր. նրանք կարող են բնակարան գնել ցանկացած տեղ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանի կարծիքով՝ այսօր Հայաստանն ի զորու է իրականացնել կազմակերպված հայրենադարձություն. «Մենք մշակել ենք հայրենադարձության խթանման ռազմավարություն: Հայրենադարձությունը փուլային երևույթ է և չպետք է դիտարկել միայն այն պահը, երբ մարդիկ գալիս են Հայաստան, այլ պետք է թիրախավորենք տարբեր փուլեր: Օրինակ՝ մարդ մի անգամ գալիս է «Արի տուն» ծրագրով, երկրորդ անգամ գալիս է կամավորական ծրագրով գալիս է տարբեր ճամբարային ծրագրերով մինչև հասունանում է այն պահը, որ մարդ որոշում է հայրենադարձվել»:

Բաբկեն Տեր-Գրիգորյանի խոսքով՝ հայրենադարձություն իրականացնելու համար հայրենի կառավարությունը կարող է խթանել, այսինքն՝ կազմակերպել և օժանդակել հայրենադարձություն:

Դիտարկմանը, թե խթանելով պետությունը ոչ թե կազմակերպում է, այլ ընդամենը աջակցում, կարևորում է, բայց ոչ երբեք հիմնական պատասխանատվությունը վերցնում իր ուսերին, Բաբկեն Տեր-Գրիգորյանը ասաց՝ համաձայն չէ. «Երբ կազմակերպում ես, նաև խթանում և օժանդակում ես, որ հայրենադարձվեն: Այստեղ կարևոր է հայրենադարձության իրավական հիմքերը ստեղծել, և մեր ռազմավարությունը անդրադառնում է դրան»:

Մանրամասները՝ տեսանյութում: