Իտալիայում շան տեսքով ռոբոտը 3 տոննա կշռող ինքնաթիռ է քարշ տվել (տեսանյութ)
Իտալիայի Ջենովա քաղաքում հաջողությամբ փորձարկվել է շան տեսքով ստեղծված HyQReal ռոբոտը: Փորձարկման շրջանակում ռոբոտն իր հետևից 10 մետր քարշ է տվել 3 տոննա կշռող ինքնաթիռը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռոբոտը ստեղծվել է Իտալիայի տեխնոլոգիայի ինստիտուտի կողմից: Այն նախատեսվում է գործածել արտակարգ իրավիճակներում՝ աղետների ժամանակ, սակայն այն կարող է օգտակար լինել նաև հետախուզության ու գյուղատնտեսության ոլորտներում:
HyQReal ռոբոտը 127 կգ է կշռում, իսկ երկարությունը շուրջ 1,2 մետր է: Այն կառավարվում է հատուկ վահանակի միջոցով: «Շան» ոտքերը պատրաստված են հատուկ ռետինից, որը թույլ է տալիս ռոբոտին ամուր կառչել գետնից:
«Ինքնաթիռը քարշ տալու փորձի միջոցով մենք ցույց տվեցինք ռոբոտի ուժը, այն կարող է համապատասխան իրավիճակում նաև մարդկանց տեղափոխել: Մենք ցանկանում էինք անել մի բան, որը երբևէ չի արվել, և անցած շաբաթ դա մեզ հաջողվեց»,- ասել է Իտալիայի տեխնոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի ծրագրային ղեկավար Կլաուսիո Սեմինին:










