Բելառուսում Հոլոքոստի՝ զանգվածային գերեզմանոցում հայտնաբերված ավելի քան 1200 զոհի մնացորդ է վերահուղարկավորվել (լուսանկարներ)
Բելառուսում թաղման հանդիսավոր արարողության ժամանակ վերահուղարկավորվել են Հոլոքոստի 1214 զոհերի մնացորդները, գրում է Daily Mail-ը:
Զոհերի դիերը թաղված են եղել նացիստական զանգվածային գերեզմանոցում, որը հայտնաբերվել է այս տարվա հունվարին՝ շինարարական տարածքում:
Մարդկային մնացորդներն ամփոփվել են 120 կապույտ դագաղներում, որոնց վրա Դավիթի աստղն է պատկերված, ապա թաղվել են քաղաքի գերեզմանատանը:
Զանգվածային գերեզմանոցից դուրս բերված գանգերից մի քանիսի վրա փամփուշտի անցքեր են եղել: Հայտնաբերվել են նաև զոհերին պատկանող իրեր՝ կաշվե կոշիկներ:
«Այս գործընթացի միջոցով հոգին երկինք է համբարձվում, դրա համար էլ հրեա համայնքի համար շատ կարևոր է թաղման արարողությունն անցկացնել հրեական սովորույթների համաձայն»,- ասել է Բելառուսում Իսրայելի դեսպան Ալոն Շոհամը:

















