Մարզիկները պնդում են՝ սպորտի փոխնախարարի և Սասուն Միքայելյանի միջամտությամբ կեղծ ընտրություն է եղել Թաեքվանդոյի ֆեդերացիայում. Գ. Ղազարյանը խոստացավ լուծել խնդիրը (տեսանյութ)

13:50 • 24.05.19

15:20

Բողոքի ակցիա անող մարզիկները նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպմանը նշեցին, որ սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի և Սասուն Միքայելյանի միջամտությամբ այսօր կեղծ ընտրություն է եղել Թաեքվանդոյի ֆեդերացիայում:

«Եթե այսօր Թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ են անցկացվել, ապա ես դրանք կարող եմ որակել որպես ծածուկ և անօրինական»,- կառավարության դիմաց Թաեքվանդոյի ֆեդերացիայի անդամների հետ զրույցում ասաց Գաբրիել Ղազարյանը՝ հավելելով, որ ֆեդերացիայի անդամները և նախարարությունը ընտրությունների մասին պետք է տեղակացված լինեին, պարտավոր էին տեղեկացնել:

Գաբրիել Ղազարյանի խոսքով ՝ նախարարության կողմից պետք է այնտեղ ներկայացուցիչներ լինեին, որպեսզի հետևեին գործընթացին: Գաբրիել Ղազարյանն ընդգծեց, որ թեև ֆեդերացիան հասարակական սպորտային կառույց է, բայց առաջնություններում ներկայացնում է ՀՀ-ն, ուստի խնդիրը նաև նախարարության դաշտում է:

«Ես կդիմեմ արդարադատության նախարարին, և մենք կարճ ժամանակում լուծում կգտնենք՝ անվավեր ճանաչելու ընտրությունները շատ կարճ ժամանակում»,-ընդգծեց նա:

Գաբրիել Ղազարյանն ասաց, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում, լուծումներ են առաջարկվել:

«Նախորդ տարվա  վերջից առաջարկել ենք օրինական կերպով լուծել խնդիրները, որովհետև ընտրության ժամկետները լրացել էին, մոտեցել էր մյուս փուլը՝ նախագահի ընտրությունը: Այո, մենք հավաքել ենք կողմերին՝ բոլոր ակումբների, ֆեդերացիայի ներկայացուցիչներին և հորդորել ենք, որպեսզի անցկացնեն ընտրություններ:

Քանի որ Թաեքֆանդոյի ֆեդերացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն, և նախարարությունն իրավունք չունի ներխուժել ներքին քաղաքականության և գործունեության մեջ, ուստի մենք հորդորեցինք և առաջարկեցինք երկու ձևաչափով, առաջինը, որ ընտրություններին մասնակցել Թաեքվանդոյի բոլոր մարզիչ-մանկավարժները, և երկրորդ ձևաչափը, որ հավաքվեն ակումբի ներկայացուցիչները և իրենք իրենց մանդատային ձայնով անցկացնեն ընտրություններ»,-մանրամասնեց նա:

14:46

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

14:15

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Սպորտի նախարարություն, այն բանից հետո, երբ ներխուժեցին համագումարին, իսկ համագումարի մասնակիցները ետնամուտքից դուրս եկան: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով Մանվել Գրիգորյանի քրոջ ամուսինը ֆեդերացիայի ամենաթույլ մարզիչն է, եւ 10 տարի չի կարողացել Հայաստանի մեծահասակների չեմպիոն պատրաստել: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Գրիգորյանի քրոջ ամուսինը մրցումների մեկնելուց առաջ մարզիկներին ասել է, որ վախենում է, թե կընկնեն ադրբեջանցիների հետ և դա եղել է ապրիլյան դեպքերից հետո:
Ակցիայի մասնակիցների խոսքով, տարբեր մարդիկ դիմել են թե՛ Մանվել Գրիգորյանին, թե՛ նրա որդուն, եւ ասել են, որ Մանվել Գրիգորյանի քրոջ ամուսինը քանդում է ֆեդերացիան, իսկ Մանվել Գրիգորյանն ասել է՝ «դե բարեկամ է»:

Այս հարցով ակցիայի մասնակիցները նախկինում դիմել են սպորտի նախարարությանը, իսկ նախարար Գաբրիել Ղազարյանն ասել է. «Եկեք  ցուցակ որոշենք ու դրանով գնանք ընտրության»:

Մասնակիցներն ասում են, որ մինչև այժմ բանավոր են դիմել, այսօր գրավոր են դիմելու սպորտի նախարարությանը:
«Փաստն այն է, որ Կարեն Գրիգորյանը միջամտում է ֆեդերացիայի գործունեությանը: Այսօր իմ լավագույն աշակերտներից Սերգեյ Վարդազարյանը, որն ամենահեռանկարային մարզիկն էր, մեկնում է Մոսկվա, մրցումներից մի քանի ամիս առաջ գալիս է, պատրաստվում ենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կանխամտածված կերպով այսօր են դրել, որովհետև Վերջին զանգ է, իսկ ֆեդերացիայի մարզիկների մեծ մասը դպրոցական է և չի կարողանա մասնակցել ակցիային:

Նրանք նաև բողոքում էին, թե այս ամենի հետևանքով  շատ մարզիկներ թողել են թաեքվանդոն կամ որակազրկվել են:

«Մինչև սպորտի նախարարությունը չմիջամտի այս հարցին, մենք չենք դադարելու բողոքել»,-ասացին ակցիայի մասնակիցները:

 

13:57

Բողոքի ակցիայի մեկնարկից հետո ֆեդերացիայի համաժողով հրավիրողները ետնամուտքով դուրս են եկել ԵԿՄ շենքից ու գնացել: Հայտնի չէ՝ համաժողովը տեղի ունեցել է, թե ոչ:

«Մեր նպատակն է, որ ՀՀ ղեկավարությանը, Սպորտի նախարարությանը տեղյակ պահենք, որ ԵԿՄ-ում չլինի նիստը, եթե նախկին խորհրդի կազմի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ապա պետք է լինեն այլ ընտրություններ ու ոչ ԵԿՄ-ում, մենք ուզում ենք, որ ԵԿՄ-ն չխոչընդոտի մեր ՀԿ-ի ընտրություններին:

Մենք չենք ուզում ԵԿՄ-ի վրա քար գլորել, բայց թող իրենք չխառնվեն մեր գործերին, նիստ էին անում, մենք եկանք, իրենք թողեցին ու փախան: Դա սպորտի մարդուն վայել արարք չէ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանը:

Ֆեդերացիայի անդամները քայլում են Սպորտի նախարարություն՝ խնդիրը նախարարությանը ներկայացնելու:

13:50

«Երկրապահ» կամավորականների միության շենքում տեղի է ունենում Թաեքվանդոյի հայկական ասոցիացիայի համաժողովի և ղեկավար կազմի ընտրություն, միաժամանակ ԵԿՄ-ի դիմաց Թաեքվանդոյի ֆեդերացիայի անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ ղեկավար կազմում լինեն ոչ թե ԵԿՄ-ականներ, այլ սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:

Բողոքարկող կողմը պահանջում է ընդհատել նիստը, այն գումարել այլ տեղ։ Նրանք պնդում են, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հովանավորում է Մանվել Գրիգորյանի հետնորդ հանցագործների, որոնց նկատմամբ փողերի յուրացման փաստի առթիվ այս պահին էլ քրեական գործ է հարուցված։