Սաակաշվիլին կարող է չորեքշաբթի վերադառնալ Ուկրաինա

23:57 • 24.05.19

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարող է չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, ժամանել Ուկրաինա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:

Նշվում է, որ քաղաքական գործիչն Ուկրաինա վերադառնալու ցանկության մասին հայտարարել էր, երբ երկրում նախագահի ընտրություններ էին անցկացվում, որոնց արդյունքում հաղթեց Վլադիմիր Զելենսկին:

Պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Սաակաշվիլին երկիր մուտք գործելու համար օրինական հիմնավորումներ չունի:  

Վրաստանում, որտեղից Սաակաշվիլին հեռացել է 2013-ին, նրա նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, որոնցից մի քանիսով նա արդեն հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:

2015-ին Պյոտր Պորոշենկոն քաղաքացիություն է շնորհել Սաակաշվիլիին, որից վերջինս զրկվել է 2017-ին: Նա բողոք է ներկայացրել ուկրաինական դատարան, որը մինչ օրս չի դիտարկվել:

2018-ին Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որտեղից մեկ տարի առաջ վերջինս ներխուժել էր Ուկրաինա: Նրա մուտքը երկիր արգելվել է մինչև 2021 թվականը: