Ուկրաինայի բանակի գեներալները «հրաժարվել են» զինվորական ողջույն հղել նախագահ Զելենսկիին (տեսանյութ)

14:00 • 24.05.19

Մայիսի 20-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության ժամանակ երկրի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը և հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իգոր Լունևը Զելենսկիի հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ զինվորական ողջույն չեն հղել, գրում է unian.net-ը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը մեկնաբանել է միջադեպը: Նրա խոսքով՝ Լունևը, հավանաբար, հուզված է եղել և Զելենսկիի մոտենալու պահին մոռացել է զինվորական ողջույնի մասին:

«Ես դրանում ոչ մի երկիմաստություն չեմ տեսնում: Շատ լավ եմ ճանաչում այդ գեներալին, նա դրանով ոչ մի մարտահրավեր չի նետել: Նա բարեխիղճ, պատվարժան գեներալ է, որը կատարում է իր պարտականությունները: Հավանաբար հուզված է եղել»,- ասել է Խոմչակը:  

Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ նման պահվածքի համար որևէ պատիժ չի նախատեսվում: