Հնդկաստանում հեռացրել են աշխարհի ամենամեծ գլխուղեղի ուռուցքը` շուրջ 5 կգ
Հնդկաստանի Մադուրայ քաղաքի բնակիչ, Սակտիվել անունով 31-ամյա տղամարդը, ով գլխուղեղի ուռուցք է ունեցել, 20 տարի շարունակ հրաժարվել է դիմել բժշկական միջամտության: Տարիների ընթացքում ուռուցքը մեծացել է` հասնելով հսկայական չափերի: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Սակտիվելի գլխի վրա ուռուցքը հայտնաբերվել էր դեռևս մանկուց, սակայն սկզբում նա ուշադրություն չէր դարձրել դրան, հետո էլ գումար չունենալու պատճառով հրաժարվել էր վիրահատությունից: Տարիների ընթացքում ուռուցքը մեծացել էր` պատճառելով անհարմարություններ: Իր արտաքին տեսքի պատճառով նա սկսել էր խուսափել մարդկանցից:
Ի վերջո, Սակտիվելը դիմել է բժիշկների օգնությանը, որոնք վիրահատություն են կատարել և հեռացրել են ուռուցքը: Բժիշկների խոսքերով` պաշտոնապես սա առաջին գլխուղեղի ուռուցքն է եղել, որն ունեցել է նման մեծ չափեր` շուրջ 5 կիլոգրամ: Ներկայումս Սակտիվելն ապաքինվում է և իրեն լավ է զգում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:










