Xiaomi-ն 2 նոր սմարթֆոն է ներկայացրել Redmi շարքից 

18:33 • 28.05.19

Չինական Xiaomi ընկերությունը երկու նոր առաջատար սմարթֆոն է ներկայացրել՝ Redmi K20 և Redmi K20 Pro մոդելները:

Ինչպես հաղորդում է tass.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական հայտարարությունը, մոդելների հիմնական տարբերություններից մեկը պրոցեսորն է. Redmi K20-ը համալրվել է Snapdragon 730 պրոցեսորով, մինչդեռ Redmi K20 Pro-ն աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով: Բացի այդ, K20 Pro-ն կիրառում է հովացման հատուկ ութ շերտանի տեխնոլոգիա, որի շնորհիվ սմարթֆոնը չի տաքանա անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում:

Երկու սմարթֆոնի էկրանն էլ ներկայանում է AMOLED տեխնոլոգիայով՝ 6.39 դյույմ անկյունագծով և 2340x1080 պիքսել կետայնությամբ: Էկրանը համալրված է 7-րդ սերնդի մատնահետքերի սկաներով:

Redmi K20-ը և K20 Pro-ն ներկայանում են 20 մեգապիքսել դիմացի շարժական տեսախցիկով և 48 մեգապիքսել հիմնական եռակի տեսախցիկով:

Չինաստանում վաճառքը մեկնարկելու է հունիսի 1-ին: 6/64 Գբ հիշողությամբ K20 մոդելը կարժենա 1999 յուան (139 000 դրամ), 6/128 հիշողությամբ K20 մոդելը՝ 2099 յուան (145 000 դրամ): Իսկ K20 Pro-ի դեպքում՝ 2499 (173 000 դրամ) և 2599 (180 000 դրամ) յուան՝ համապատասխանաբար:

 

 

Xiaomi-ն 2 նոր սմարթֆոն է ներկայացրել Redmi շարքից