Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ ու Հայ առաքելական եկեղեցիները համաձայնության են եկել Սբ. Հարության տաճարի վերանորոգման նոր փուլը սկսելու հարցում

16:05 • 28.05.19

Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբատեղին՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կվերանորոգվի:

Տաճարի համար հավասարապես պատասխանատու երեք եկեղեցիները համաձայնության են եկել սրբավայրի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ վերականգնումը սկսելու հարցում:

Ինչպես հայտնում է timesofisrael.com-ը, մասնավորապես՝ Կաթոլիկ, հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ վերանորոգվելու են տաճարի հիմքն ու հատակը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. հույն մասնագետների թիմը վերանորոգել էր եկեղեցու ներսում Հիսուս Քրիստոսի գերեզմանը, ինչի արդյունքում շինությունն ավելի է ամրացել: Սուրբ հողի 3 եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառով վերանորոգման աշխատանքները հետաձգվել էին:

Այժմ հիմքի և հատակի վերանորոգման աշխատանքները վստահվելու են իտալացի մասնագետներին:

Հայտնի է, որ տվյալ եկեղեցիներին են պատկանում տաճարի տարբեր հատվածները, սակայն նրանք հավասարապես պատասխանատու են դրա պահպանության համար:

 

Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ ու Հայ առաքելական եկեղեցիները համաձայնության են եկել Սբ. Հարության տաճարի վերանորոգման նոր փուլը սկսելու հարցում