Գիտնականները Վատիկանում առաջին անգամ ներկայացրել են աթեիստների հոգեբանության վերլուծությունը

21:31 • 28.05.19

Աշխարհի առաջատար կրոնագետները, հասարակագետները և հոգեբաններն առաջին անգամ մանրամասնորեն ուսումնասիրել են աթեիստների և այլ անհավատ մարդկանց հոգեբանությունը և նրանց մասին մի քանի կարծրատիպեր են պարզաբանել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին մասնագետները պատմել են Վատիկանում անցկացվող մշակութային հարցերով Պապական խորհրդի նիստում:

«Մեր ուսումնասիրություններն ուղղակիորեն հակասում են համընդհանուր կարծրատիպերին: Օրինակ՝ մարդիկ կարծում են, որ աթեիստներն օբյեկտիվ բարոյականություն և կյանքի նպատակ չունեն, սակայն միևնույն ժամանակ նրանք շատ ամբարտավան են և այլ արժեհամակարգ ունեն՝ հավատացյալների համեմատ: Բոլոր այդ կարծրատիպերը, ինչպես պարզվել է, սխալ են», - պատմել է Բելֆաստի Կվինսի համալսարանի գիտնական Ջոնաթան Լանմենը:

Մարդաբանները, հասարակագետները և հոգեբանները երկար ժամանակ ուսումնասիրել են տարբեր գործոններ, որոնք ազդում են մարդու՝ գերբնական ուժերին և արարածներին հավատալու հակվածության վրա:

Այսօր գիտնականները համաձայն են այն հարցում, որ կրոնը մեր նախնիների մոտ կարող էր առաջանալ և ամրապնդվել պարզ էվոլյուցիոն պատճառներով՝ հավատն աստծվածների նկատմամբ և առ այն, որ նրանք կարող են պատժել իրենց մեղք գործելու համար, օգնում էր պահպանել կարգուկանոնը խմբերում և ամրապնդում էր կապը խմբակիցների միջև:

Նրանք նույն սկզբունքով կարող էին չընդունել կամ վախենալ աթեիստներից, որոնք վախ չունեն աստծուց: Նման մտածելակերպ են դրսևորում, ըստ հետազոտողների, աթեիզմի ներկայիս քննադատները՝ կարծելով, որ հավատի բացակայությունը խախտում է հասարակության բարոյական կարգը:

Ինչպես ցույց են տվել տարբեր երկրներում անցկացված հարցումները, «անաստվածների» հոգեբանության մասին համընդհանուր ընդունված կարծիքները չեն համապատասխանում նման համոզմունքների կրողների իրական դրսևորումների հետ: Օրինակ, բոլոր վեց երկրներում (Ճապոնիա, ԱՄՆ, Բրազիլիա, Բրիտանիա, Դանիա, Չինաստան), որտեղ հարցում է անցկացվել, անհավատ մարդկանց մեծամասնությունն իրենք իրենց աթեիստ չի համարում և միայն նշում է, որ իր կյանքում կրոն չկա:

Ուշագրավ է, որ նրանցից ոմանք իրենց համարում էին քրիստոնյա, մուսուլման, բուդդիստ կամ հրեա՝ իրենց ասոցացնելով այդ կրոնական համայնքների նորմերի և ավանդույթների հետ, որտեղ իրենք մեծացել են:

 

Գիտնականները Վատիկանում առաջին անգամ ներկայացրել են աթեիստների հոգեբանության վերլուծությունը