Փղերը նախկինի պես ոչնչացման եզրին են, հայտնել են բնապահպանները
Վերջին 10 տարիների ընթացքում Աֆրիկայում ավելի քիչ փղեր են սպանվում, սակայն անօրինական որսի մակարդակը շարունակում է գերազանցել թույլատրելիի սահմանը: Նման եզրահանգման են եկել բրիտանացի բնապահպանները` իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակելով Nature Communications ամսագրում:
«Իհարկե, փոփոխությունները դրական են, սակայն փղերի քանակը շարունակում է նվազել: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ փղերի որսագողության հիմնական «շարժիչ ուժը» շարունակում է մնալ փղոսկրի մեծ պահանջարկն ասիական երկրներում: Մենք չենք կարող լուծել այս խնդիրը` մինչև չհասկանանք, թե ինչու է փղոսկրի պահանջարկն այսքան մեծ և ինչպես կարող ենք խոչընդոտել օրենքը խախտողներին»,- ասել է Մեծ Բրիտանիայի համալսարանի ներկայացուցիչ Քոլին Բիլը:
Նշվում է, որ այսօր գոյություն ունի փղերի երկու տեսակ` աֆրիկական և ասիական: Աֆրիկական փղերն ապրում են մեծ խմբերով` 30-40 հոգի, իսկ ասիական փղերը նախընտրում են ապրել կամ միայնակ, կամ, առավելագույնը, 3-5 հոգով: Երկու տեսակներն էլ ոչնչացման եզրին են, թեև ավելի լավ պայմաններում են ապրում ասիական փղերը:










