Նոբելյան մրցանակակիրը ցանկանում է Ստամբուլում Աննա Կարենինային նվիրված թանգարան բացել

10:49 • 29.05.19

Թուրք գրող, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է Ստամբուլում Աննա Կարենինային նվիրված թանգարան բացել:

Նա նկատել է, որ թանգարանում կարելի է  ցուցադրության հանել Լև Տոլստոյի համանուն վեպի հերոսուհու հետ առնչություն ունեցող զանազան իրեր:

«Այդ թանգարանում կարելի է վերարտադրել ռուսական իրականությունը, որը 19-րդ դարի 70-ական թվականներին շրջապատում էր Աննա Կարենինային»,-նշել է գրողը:

Աղբյուրը նշում է, որ Փամուքը ներկայում ամենահայտնի թուրք գրողն է, որի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 50 լեզվով: 2006թ. նա գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել: