Ավստրալացի գիտնականները Երկիր մոլորակի վրա քաղաքակրթության մոտալուտ վախճան են կանխատեսել՝ կապված գլոբալ տաքացման հետ

23:45 • 05.06.19

Ավստրալական Breakthrough կլիմայի վերականգնման ազգային կենտրոնի փորձագետները զեկույց են հրապարակել, որում նշվում է, որ կլիմայական փոփոխությունների պատճառով մարդկային քաղաքակրթությունը կարող է վերանալ մինչև 2050թ.-ը:

Զեկույցի հեղինակներից մեկի խոսքով՝ մարդու գործունեության հետևանքով առաջացող գլոբալ տաքացումը միջուկային պատերազմից հետո Երկիր մոլորակի վրա կյանքի համար ամենամեծ վտանգն է:

Գիտնականների համոզմամբ՝ եթե ամբողջ աշխարհի կառավարությունները հրաժարվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրի որոնումներից, մինչև 2030թ.-ը օրգանական հանածո վառելիքի այրումից ածխաթթու գազի արտանետումները կարող են առավելագույն նշանակության հասնել: Նման սցենարի համաձայն՝ մինչև 2050թ.-ը օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 3 °C-ով:

Նման փոփոխությունն իր հերթին կբերի սառցային ծածկույթի վերացման, լուրջ երաշտի և Ամազոնի խոնավ անտառների ոչնչացման: Աշխարհում մշտապես ջրհեղեղներ և անտառային հրդեհներ կլինեն, ամբողջական էկոհամակարգեր կոչնչանան, մոլորակի գրեթե մեկ երրորդն անապատի կվերածվի:

Կլիմայական փոփոխությունները ռեսուրսների համար լուրջ զինված հակամարտությունների կհանգեցնեն, իսկ «կլիմայական փախստականների» թիվը կարող է գերազանցել մեկ միլիարդը:

Գիտնականների խոսքով՝ այս ամենը կհանգեցնի մեր պատկերացմամբ մարդկային քաղաքակրթության վախճանի: Զեկույցում ընդգծվում է, որ աղետից խուսափելու համար հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

 

Ավստրալացի գիտնականները Երկիր մոլորակի վրա քաղաքակրթության մոտալուտ վախճան են կանխատեսել՝ կապված գլոբալ տաքացման հետ