Ֆրանսիայում նախապատմական քար են հայտնաբերել՝ ձիերի նկարներով
Ֆրանսիայում ձիերի և այլ կենդանիների պատկերներով հնագույն քար է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, 12 000 տարեկան է: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Հնագիտական կանխարգելիչ հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) կայքում:
«Պեղումների ժամանակ, որոնք իրականացվել են Անգուլեմ քաղաքի երկաթուղային կայարանի շրջանում, հնագետները գետնից սալաքար են դուրս բերել, որի վրա պատկերված է եղել ձի և 4 այլ խոտակեր կենդանիներ», -ասվում է ինստիտուտի կայքում:
Ընդգծվում է, որ 25 սմ երկարություն, 18 սմ լայնություն և 3 սմ հաստություն ունեցող սալաքարը հայտնաբերվել է որսորդական վայրում, որը պատկանել է ազիլյան հնագիտական մշակույթին:
Գտածոն համընդհանուր ցուցադրության է ներկայացվել Անգուլեմում՝ Ֆրանսիայում հունիսի 14-ին և 16-ին հնագիտության ազգային օրերի անցկացման ընթացքում:










