ՆԱՍԱ-ն մասնավոր թռիչքների նախագիծ է գործարկում դեպի Միջազգային տիեզերակայան

19:59 • 07.06.19

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները հայտարարել են Միջազգային տիեզերակայանը ցանկացած կոմերցիոն նախագծերի համար բացելու մասին: Նրանց խոսքով՝ հաջորդ տարի Միջազգային տիեզերակայան կթռչեն առնվազն երկու «կոմերցիոն» տիեզերագնաց մասնավոր տիեզերանավերով:

«Դեռևս տարեկան միայն երկու թռիչք ենք նախատեսում: Կախված նրանից, թե ինչպես այդ հնարավորությունից կօգտվեն մեր գործընկերները, Միջազգային տիեզերակայան կկարողանա այցելել 2-12 կոմերցիոն տիեզերագնաց:

Մենք չենք նախատեսում ինքնուրույն տեղեր վաճառել տիեզերանավերում, դրանով կզբաղվեն այն ընկերությունները, որոնք կիրականացնեն մարդկանց տեղափոխումը տիեզերակայան»,-ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման մեկնաբանությամբ հանդես է եկել Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածի փոխտնօրեն Ռոբին Գեյթնսը:

Սպիտակ տան ներկայիս վարչակազմը, ինչպես բազմիցս նշել են նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանախագահ Մայք Փենսը և ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրիդենսթինը, նախատեսում է կայանի աշխատանքի պաշտոնական ժամկետի ավարտից հետո 2024-ին կամ 2030-ին Միջազգային տիեզերակայանը հանձնել մասնավորի՝ խթանելով տիեզերքի կոմերցիոն յուրացմանը:

 

 

 

 

  

 

  

ՆԱՍԱ-ն մասնավոր թռիչքների նախագիծ է գործարկում դեպի Միջազգային տիեզերակայան