Անգլիայում բժիշկների սխալ ախտորոշման պատճառով ժամանակին հիվանդանոց դիմած 29-ամյա կինը մահացել է
Անգլիական Դուվր քաղաքում բժիշկների անգրագիտությունն արժեցել է հաճախորդի կյանքը, որը դեռևս 2017 թվականի սեպտեմբերին դիմել էր նրանց օգնությանը: Ինչպես հայտնում է The Mirror-ը` Ժոզեֆինա Սուֆոլկը արգանդի արյունահոսության գանգատով դիմել էր բժիշկների օգնությանը, սակայն նրանք հիվանդին բացատրել էին, որ երեխայի ծնունդից հետո, տևական ժամանակ անց, դա նորմալ երևույթ է:
Դրանից հետո բրիտանուհին նույն բողոքներով ևս 5 անգամ այցելել էր հիվանդանոց և ստացել նույն պատասխանը: Արյունահոսությունը չէր դադարել, սակայն բուժաշխատողները պնդել էին, որ կինն առողջական խնդիրներ չունի: 2018 թվականի հունիսին պարզվել էր, որ Սուֆոլկն արգանդի քաղցկեղ ունի, որն արդեն գտնվում է 4-րդ շրջանում: Մետաստազները տարածվել էին թոքերի շրջանում և արյան մեջ:
Ուռուցքը մեծ էր, և վիրահատություն չէր թույլատրվում, ուստի կնոջը մնում էր միայն մեկ բան` քիմիոթերապիա անցնել: 2019 թվականի մայիսի 18-ին 29-ամյա Սուֆոլկը հրաժեշտ է տվել կյանքին: Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում, նա կիսվել է իր պատմությամբ և նշել, որ բժիշկների սխալն իր համար ճակատագրական է եղել:










