Հայ ֆիզիկոսներն առաջընթաց են գրանցել քաղցկեղի դեմ պայքարում. «Միր» հեռուստաալիքի անդրադարձը՝ հայ գիտնականների նոր հայտնագործությանը

18:25 • 19.06.19

Ռուսական «Միր» հեռուսատաալիքն անդրադարձել է Հայաստանի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետների նոր հայտնագործությանը, որը պետք է դառնա հակաքաղցկեղային բուժման նոր մեթոդի մի մասը:

Խոսքը նանոմասնիկների մասին է, որոնք տաքացվում են մինչև 45 աստիճան, որի պարագայում քաղցկեղային բջիջները քայքայվում են, իսկ որպեսզի առողջ բջիջները չվնասվեն, նանոմասնիկները պատում են պաշտպանիչ շերտով:

«Նանոմասնիկները միավորվում են մագնիսական տարրերի հետ, ինչպես օրինակ երկաթի կամ կոբալտի և պատվում են ածխաջրածնի պաշտպանիչ շերտով, այնուհետև այն ներարկում ենք քաղցկեղով հիվանդ օրգանիզմին և հիվանդին տեղավորում մագնիսական սարքի մեջ, որից հետո բարձրացնում ջերմաստիճանը, որպեսզի տեղի ունենա քաղցկեղային բջիջների ոչնչացումը», - հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայում արդեն իրականացվել են առաջին լաբորատոր փորձարկումները: Նշվում է, որ հետազոտությունները կտևեն երեք տարի, որից հետո կսկսվեն կլինիկական փորձարկումները:

 

 

Հայ ֆիզիկոսներն առաջընթաց են գրանցել քաղցկեղի դեմ պայքարում. «Միր» հեռուստաալիքի անդրադարձը՝ հայ գիտնականների նոր հայտնագործությանը