ԱՄՆ-ում հաստատել են, որ Իրանը կործանել է ամերիկյան արտադրության և 220 մլն դոլար արժողության հետախուզական անօդաչու. լրատվամիջոցներ

12:46 • 20.06.19

Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ հաստատել են իրանական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ Իրանն ամերիկյան արտադրության անօդաչու է խոցել:

Ինչպես նշում է BBC-ն, նրանք մանրամասնել են, որ անօդաչուն խոցվել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում՝ իրանական «ցամաք-երկինք» դասի հրթիռով:

Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը ներխուժել էր երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածք:

Բացի այդ, իրանական կողմի փոխանցմամբ, իրենք խոցել են RQ-4 Global Hawk անօդաչու, սակայն ամերիկացի պաշտոնյաները հստակեցրել են, որ խոսքը MQ-4C Triton-ի մասին է:

Daily Mail-ը հավելում է, որ Իրանի խոցած անօդաչուն հետախուզական է և արժե 220 մլն դոլար: Սարքը կործանելու համար Իրանն օգտագործել է գերկատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռ:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ Իրանը երբեք թույլ չի տա խախտել իր օդային սահմանները:

«Մեր օդային տարածքը կարմիր գիծ է, և Իրանը մշտապես ուժեղ պատասխան է տալու օդային սահմանների խախտման ցանկացած դեպքի»,-ասել է պաշտոնյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ամերիկյան իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում որևէ ամերիկյան սարք չի գտնվել Իրանի օդային տարածքում:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Բիլ Ուրբանը հրաժարվել է ծավալուն մեկնաբանություն տալ՝ ասելով միայն. «Իրանի օդային տարածքում որևէ անօդաչու չի եղել»:

Երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:

 

ԱՄՆ-ում հաստատել են, որ Իրանը կործանել է ամերիկյան արտադրության և 220 մլն դոլար արժողության հետախուզական անօդաչու. լրատվամիջոցներ