Գիտնականները Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի ախտանշաններ են հայտնաբերել
Գիտնականները հայտնում են, որ կարողացել են հայտնաբերել Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի ախտանշանները դրանց ի հայտ գալուց 15-20 տարի առաջ:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, վտանգավոր խմբում ընդգրկված մի շարք հիվանդների սկանավորումը խանգարումներ է ցույց տվել գլխուղեղի սերոտոնինի համակարգում, որը վերահսկում է տրամադրությունը, քունը և շարժումները:
Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները նշում են, որ հայտնագործությունը կարող է օգնել բուժման և հետազոտության նոր մեթոդների բացահայտմանը:
Փորձագետների խոսքով՝ նախևառաջ անհրաժեշտ է առավել ծավալուն ուսումնասիրություններ իրականացնել:
Պարկինսոնի հիվանդությունը զարգացող նյարդաբանական խանգարում է, որն ախտորոշվել է Միացյալ Թագավորության 145 000 բնակչի մոտ:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են ոչ միայն դողը, ցնցումը, այլև ընկճվածությունը, հիշողության և քնի հետ կապված խնդիրները:
Ըստ ընդունված կարծիքի՝ հիվանդությունը պայմանավորված է դոֆամին կոչվող քիմիական նյութի պակասով: Բացի այդ, ախտանշանների վերացմանն ուղղված հստակ բուժում չկա, մասնագետները կենտրոնանում են դոֆամինի մակարդակի վերականգնման վրա:










