ՆԱՍԱ-ն հաստատել է Մարսի մթնոլորտում արտասովոր մեծ քանակությամբ մեթան գազի հայտնաբերման փաստը
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր կայքում հաստատել է նախօրեին գիտնականների արած հայտարարությունն առ այն, որ Մարս մոլորակի մթնոլորտում արտասովոր մեծ քանակությանբ մեթան գազ է հայտնաբերվել:
«Այս շաբաթ ՆԱՍԱ-ի մարսագնացը զարմանալի բացահայտում է արել՝ իր առաքելության ընթացքում ֆիքսելով մեթանի ամենամեծ քանակությունը»,-ասվում է գործակալության հայտարարությունում:
Նշվում է, որ սարքն անհրաժեշտ սարքավորումներ չունի մեթանի արտազատման աղբյուրը որոշելու համար, ուստի՝ առայժմ հնարավոր չէ պարզել՝ կենսաբանական, թե երկրաբանական ծագում ունի գազը, կամ արդյոք այն «հնագույն» է, թե «նոր»:
Հայտնի է, որ Curiosity-ն նախկինում էլ էր Մարսի մթնոլորտում մեթանի առկայություն ֆիքսել, սակայն սա առաջին դեպքն է, երբ գազն այսպիսի մեծ քանակությամբ է եղել:
Նախօրեին հաղորդվել էր, որ ՆԱՍԱ-ի Curiosity սարքը, որը 2012թ. ի վեր ուսումնասիրում է Մարսի մակերևույթը, մոլորակի օդում մեծ քանակությամբ մեթան գազ է հայտնաբերել, ինչը կարող է վկայել կյանքի գոյության, մասնավորապես՝ մանրէների առկայության մասին:
Հայտնի է, որ Երկրի վրա մեթան գազն արտազատում են կենդանի օրգանիզմները: Ուստի չի բացառվում, որ Մարսի վրա կարող են միկրօրգանիզմներ գոյություն ունենալ:
Մարսագնացն այս տեղեկությունը Երկիր էր ուղարկել անցած հինգշաբթի: Դա գիտնականներին շատ էր ոգևորել, և նրանք Curiosity-ին հրահանգ են ուղարկել ուսումնասիրությունները շարունակելու վերաբերյալ: Սպասվում է, որ նոր տվյալները Երկիր են ուղարկվելու հունիսի 24-ին:
Միևնույն ժամանակ, մասնագետները չեն բացառել, որ հայտնաբերված գազը կարող էր միլիոնավոր տարիներ գտնվել մոլորակի ներսում և միայն հիմա դուրս գալ անցքերից ու ճաքերից:










