Անգլիայում մայրը տարօրինակ է համարել երեխայի գլխի դիրքն ու նրան փրկել է քաղցկեղից
Անգլիայի Սոմերսեթ քաղաքի բնակչուհի Քեյ Փերսոնսի համառությունը ճակատագրական է եղել նրա 3-ամյա աղջնակի համար, և մոր ջանքերի շնորհիվ երեխայի մոտ առկա հիվանդությունը շուտ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Փերսոնսը նկատել է, որ իր երեխան անընդհատ քայլում է` գլուխը դեպի աջ կողմը թեքած: Հետո երեխան գրեթե ամեն օր սկսել է սրտխառնոցներ ունենալ և մայրը դիմել է բժիշկների օգնությանը:
Հիվանդանոցում վտանգավոր ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել, և բժիշկները նշել են, որ փոքրիկը շատ է քնում աջ կողմի վրա կամ էլ անհարմար դիրքով է քնել և ձգել է մկանը: Փերսոնսին դուր չի եկել բուժաշխատողների բացատրությունը:
Նա օրեր շարունակ աղջկան տեսանկարահանել է և ապացուցել, որ նա ժամերով խաղում և քայլում է գլուխն աջ թեքած: Հետազոտությունից հետո փոքրիկի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Այդ պահից սկսած նա 13 անգամ վիրահատության է ընթարկվել և ռադիոթերապիայի կուրսեր է ընդունել: Հիվանդության վաղ հայտնաբերումը փրկել է փոքրիկի կյանքը:










