Վերջին 250 տարում 571 բուսատեսակ է վերացել. հետազոտություն

13:52 • 25.06.19

Վերջին 250 տարում բույսերի 571 տեսակ է վերացել, ինչը երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում թռչունների, կաթնասունների ու երկկենցաղների վերացած տեսակների քանակին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին է վկայում Nature, Ecology & Evolution ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը:

Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ բուսատեսակների վերացումը տեղի է ունենում 500 անգամ ավելի արագ, քան դա կլիներ առանց մարդու միջամտության: Համեմատության համար նշենք, որ կենդանատեսակների վերացումը բնական վերացումից առնվազն 1000 անգամ ավելի արագ է տեղի ունենում:

Գիտնականները նշել են, որ այս հետազոտության շրջանակում առաջին անգամ հավաքագրվել են արդեն վերացած բուսատեսակների անունները, ընդ որում՝ ամենաշատ բուսատեսակները վերացել են արևադարձային կղզիներում և միջերկրածովյան կլիմայական գոտում:

Հետազոտողների կարծիքով՝ բուսատեսակների արագ վերացումը կարող է կապված լինել դրանց բնական միջավայրի ոչնչացման հետ:

«Բույսերը մեր մոլորակի վրա կյանքի բոլոր ձևերի հիմքն են, նրանք թթվածին են արտադրում, ապահովում են մեր սնունդը և աշխարհի էկոհամակարգերի առանցքն են, այդ իսկ պատճառով բույսերի վերացումը կվնասի բոլոր տեսակների գոյությանը: Միլիոնավոր տեսակներ, այդ թվում՝ մարդը, գոյության համար կախում ունի բույսերից»,- նշել է հետազոտությանը մասնակցած գիտնականներից մեկը:

Հետազոտության արդյունքում, սակայն, ուրախալի փաստեր նույնպես արձանագրվել են. 430 բուսատեսակ, որոնք իսպառ ոչնչացված էին համարվում, նորից են նկատվել, միայն թե այդ բուսատեսակների 90%-ը ոչնչացման բարձր վտանգի տակ է:

Վերջին 250 տարում 571 բուսատեսակ է վերացել. հետազոտություն