Տյումենում տղամարդու որովայնի խոռոչից 15 կգ քաշով ուռուցք են հեռացրել, որի գոյության մասին նա չի իմացել

13:05 • 26.06.19

ՌԴ Տյումենի մարզի ուռուցքաբանական հիվանդանոցում վիրաբույժները վիրահատել են որովայնի խոռոչի 15 կիլոգրամանոց ուռուցքով տղամարդու, որը տեղյակ չի եղել ուռուցքի գոյության մասին, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով առողջապահության մարզային վարչությանը:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ տյումենցին կարծել է, թե նա պարզապես ավելորդ քաշ է հավաքում, սակայն վերջին շրջանում դժվարացել է պահպանել սովորական կենսակերպը և որոշել է դիմել բժիշկների օգնությանը: 

«Մեզ է դիմել որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության հսկայական ուռուցքով՝ լիպոսարկոմայով մի տղամարդ։ Ուռուցքը բաղկացած էր ճարպային հյուսվածքից և իրենից ներկայացնում էր երկու հսկայական հանգույց, որոնց ընդհանուր զանգվածը 15 կիլոգրամ էր։ Գոյացությունը զբաղեցրել էր գրեթե ողջ որովայնի խոռոչը և տարածվել դեպի հարևան օրգաններ»,- ասված է վիրաբուժության բաժնի ղեկավար Եվգենի Ֆրանկի հաղորդագրության մեջ:

Մասնագետի խոսքով՝ վիրահատությանը մասնակցած երեք վիրաբույժները դժվարությամբ են կարողացել մոտենալ անհրաժեշտ անոթներին: Ընդ որում՝ ստիպված են եղել մշտապես բարձրացնել և պահել գոյացությունը, ինչը բարդացել է նրա քաշի պատճառով: Վիրահատությունը տևել է 10 ժամ: Բժիշկները հաջողությամբ հեռացրել են ուռուցքը:

Տյումենում տղամարդու որովայնի խոռոչից 15 կգ քաշով ուռուցք են հեռացրել, որի գոյության մասին նա չի իմացել