Համացանցում են հայտնվել Tesla Semi բեռնատարի առաջին լուսանկարները
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռոքլին քաղաքում լուսանկարել են Tesla Semi բեռնատարի փորձնական նախատիպը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, այն ներկայանում է վառ կարմիր գունավորմամբ և համալրվել է սերիական մոդելի բոլոր մասերով, այդ թվում հետևի արտաքին հայելիներով:
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի սերիական արտադրությունը կսկսվի ավելի ուշ, հավանաբար, 2020 թվականին: Նորույթի առանձնահատկությունների շարքին կարելի է դասել կողային դռները, որոնք բացվում են մեքենայի ընթացքի հակառակ ուղղությամբ և բռնակներ չունեն:
Քարշակման համար նախատեսված բեռնատարի դիմային հատվածում բեռնախցիկ է տեղադրվել: Հայտնի է, որ մոդելի պատվերներ են տվել Walmart, UPS և FedEx ընկերությունները:
Նշվում է, որ էլեկտրական բեռնատարի առաջնային մոդելն առանց վերալիցքավորման կարող է 804 կմ տարածություն անցնել, իսկ հիմնական տարբերակը՝ 482 կմ: Միևնույն ժամանակ առավելագույն արագությունը կազմում է 96 կմ/ժամ:
Հիմնական տարբերակի արժեքը կազմում է 150 000 դոլար, առաջնային մոդելինը՝ 180 000 դոլար:













