Գիտնականներն անվանել են 4 վտանգավոր աստղակերպ, որոնք կարող են բախվել Երկիր մոլորակին

19:45 • 01.07.19

Երեկ՝ հունիսի 30-ին, նշվում էր Աստղակերպերի միջազգային օրը, որի նպատակն է իրազեկել մարդկանց աստղակերպերի՝ մեր մոլորակին պատռճառելիք հավանական աղետների մասին: ՄԱԿ-ն Աստղակերպերի միջազգային օրվա համար ընտրել է հենց հունիսի 30-ը՝ ի հիշատակ 1908թ.-ի այդ օրը պատմության մեջ մեզ հայտնի ամենամեծ աստղակերպի՝ Ռուսաստանի Տունգուսկա գետի մոտ ընկնելուն:
 
Այս առիթով Russia Today-ը ներկայացրել է գիտնականների կողմից անվանված 4 աստղակերպ, որոնք սպառնում են բախվել մեր մոլորակին: Նշվում է, որ բոլոր տիեզերական մարմինները վաղուց բացահայտված են և մշտական հսկողության տակ են գտնվում, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը Երկրին բախվելու հավանականություն ունի:

1979 XB. 900 մետր տրամագծով այս աստղակերպն Արեգակնային համակարգի միջով շարժվում է շուրջ 70 000 կմ արագությամբ, ինչը նշանակում է, որ ամեն վայրկյան այս տիեզերական մարմինը Երկիր մոլորակին մոտենում է 30 կմ-ով: Սա մերձերկրյա աստղակերպերի շրջանում ամենավտանգավորներից է:

«Ապոֆիս». այս աստղակերպը 2029թ.-ին Երկրից ընդամենը 30 000 կմ հեռավորության վրա կլինի: Այժմ այն մեզնից հեռու է ավելի քան 200 մլն կմ, սակայն ամեն վայրկյան մեր մոլորակին է մոտենում 500 մետրով: Եթե «Ապոֆիս»-ը բախվի Երկրին, հարվածի ուժգնությունը հավասար կլինի միաժամանակ 15 000 միջուկային լիցքի պարպմանը:

2010 RF12 անունը ստացած աստղակերպը նույնպես հավանական վտանգ է ներկայացնում, չնայած դրա՝ Երկրին բախվելու դեպքում հասցված վնասն ավելի փոքր կլինի, քան 2013թ.-ին Չելյաբինսկի երկնաքարինը: Այս աստղակերպը Երկիր մոլորակ կհասնի 2022թ.-ի օգոստոսի 13-ին:

2000 SG344. այս տիեզերական մարմնի ուղեծիրը գործնականում շատ նման է մեր մոլորակի ուղեծրին, ինչը թույլ է տալիս գիտնականներին ուսումնասիրել այն: Աստղակերպը բավականին հեռու է գտնվում, սակայն Երկրին է մոտենում 1,3կմ/վ արագությամբ: Այն Արեգակի շուրջը մեկ պտույտ է գործում 353 օրում:

Աղբյուրն անդրադառնում է նաև չբացահայտված աստղակերպերին, որոնք նույնպես կարող են վտանգ ներկայացնել մեր մոլորակի համար: Այս առնչությամբ աղբյուրը հիշեցնում է անցած տարվա դեկտեմբերին Բերինգի ծովում ընկած աստղակերպի մասին, որի հարվածի ուժգնությունը 10 անգամ գերազանցում էր Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետված ռումբերի ուժգնությանը:

 

Գիտնականներն անվանել են 4 վտանգավոր աստղակերպ, որոնք կարող են բախվել Երկիր մոլորակին