«Մեծ խայտառակություն վրացիների համար». Կրեմլում մեկնաբանել են «Ռուսթավի 2»-ի եթերում Պուտինի հասցեին վիրավորանքները

17:33 • 08.07.19

Մոսկվան անընդունելի է համարում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորանքները, գրում է russian.rt.com-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

«Ինչ վերաբերում է մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչած վիրավորանքներին, ապա, իհարկե, մենք դա բացարձակապես անընդունելի ենք համարում, մենք խստորեն դատապարտում ենք այդ արարքը»,- հայտնել է Պեսկովը:

Նա նաև ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը սազական չէ հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող վրաց ժողովրդին, և որ դա մեծ խայտառակություն է տվյալ ազգի համար:

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է Վրաստանում «ռուսատյաց նոպաների նորանոր սրացումների» մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով: