Անկարայում ոստիկանները ծառահատման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Մերձարևելյան տեխնիկական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել համալսարանի տարածքում հանրակացարան կառուցելու նպատակով ծառերի հատման դեմ, որի ժամանակ ոստիկանները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է Sozcu պարբերականը:
Նշվում է, որ ավելի վաղ ուսանողները ծառահատումը խափանելու համար համալսարանի ավտոկայանատեղիի տարածքում վրանային ճամբարներ են կառուցել: Այսօր առավոտյան ոստիկանությունը հորդորել է ցուցարարներին ցրվել, իսկ բացասական պատասխանից հետո արցունքաբեր գազ է կիրառել, այնուհետև սկսվել է ծառահատումը:
Անկարայի Չանքայա շրջանի ղեկավարի խոսքով՝ ծառահատում իրականացնելու Մերձարևելյան տեխնիկական համալսարանի ղեկավարության որոշումն ապօրինի է, քանի որ շինարարություն սկսելու թույլտվություն չկա, սակայն համալսարանի ռեկտորը հրաժարվել է բանակցել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:










