ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կայծակն ուժեղ հարվածում նավակին (տեսանյութ)

23:09 • 08.07.19

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ կայծակը հարվածում է նավահանգստում կայանած նավակին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսանյութն արվել է Հարի Մինուչիի կողմից: Նրա պատմել է, որ կայծակի առաջին հարվածը տեսնելուց հետո արագ վերցրել է տեսախցիկը և սկսել նկարահանել, երբ անսպասելիորեն այն հարվածել է իր ընկերոջ 12 մետրանոց նավակին՝ փոքրիկ պայթյուն առաջացնելով:

Նավակի տերն այդ պահին այնտեղ չի եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Տեսանյութի հեղինակն այն տեղադրել է սոցկայքերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր իրենց զարմանքն են հայտնել դրա առնչությամբ:

Հայտնի է, որ այսօր Միացյալ Նահանգների արևելյան ափերին անբարենպաստ եղանակ է գրանցվել՝ փոթորիկ, հորդառատ անձրևներ, պտտահողմեր և կայծակ: Օդերևութաբանության ազգային ծառայությունը նախազգուշացրել է Բոսթոն քաղաքի տարածքում հավանական ջրհեղեղի մասին: