Վրաստանում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ կրկին ցույցեր են. տեսանյութ
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի առաջ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց է ընթանում, որի պատճառը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ երեկ հաղորդման սկզբին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներն են, գրում է РИА Новости-ն:
Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ դեմ է հիստերիային և էպիտաժին, և որ իրականությանը պետք է «քաղաքակիրթ ձև» հաղորդել, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը:










