Պուտինը 2020թ.-ը Ռուսաստանում հիշատակի և փառքի տարի հռչակելու մասին հրաման է ստորագրել

23:55 • 08.07.19

Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի 75-րդ տարվա առնչությամբ Ռուսաստանում 2020 թվականը հիշատակի և Փառքի տարի է հայտարարվել: Ինչպես գրում է life.ru-ն, համապատասխան հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, իսկ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը կարվի ռուսական «Հաղթանակ» կազմակերպչական հանձնաժողովի կողմից:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Պուտինը պատմել էր հաղթանակի 75-րդ տարվա սպասվելիք միջոցառումների մասին: Տոնական միջոցառումները կազմակերպող հատուկ հանձնաժողովից բացի, ստեղծվել է նաև 16 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը նույնպես կմասնակցի հոբելյանական միջոցառումների պատրաստական աշխատանքներին:

Կրեմլի ղեկավարն անհրաժեշտ է համարել պատմական ճշմարտությունը պահպանել և հիշել, թե ինչ բարձր գնով է աշխարհը հաղթանակ տարել ֆաշիստների նկատմամբ:

Նշենք նաև, որ Պուտինն արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հոբելյանական հաղթանակի առթիվ Մոսկվա է հրավիրել: Թրամփը պատասխանել է, որ կմտածի հրավերի մասին, մինչդեռ Մակրոնը միանգամից ընդունել է այն: