Այն մարդը, որ պետք է բռնի ընձառյուծ որսացողին, ինչքա՞ն աշխատավարձ է ստանում՝ 80 000-150 000 դրամ․ Է․ Մարուքյանը՝ ընձառյուծի որսի համար տուգանքը 100 մլն դրամ սահմանելու մասին
ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե տպավորություն կա, որ որոշ նախագծեր ընդունվում են սիմվոլիկ նշանակություն ունենալու համար։
Նա օրինակ բերեց նոր օրենքը, ըստ որի՝ ընձառյուծի որսի դեպքում տուգանքը բարձրացվում է մինչև 100 մլն դրամ։
«Բայց այն մարդը, որ պետք է բռնի այդ ընձառյուծ որսացողին ինչքա՞ն աշխատավարձ է ստանում՝ 80 000-ից մինչև 150 000 դրամ»,-ասաց նա։
Ըստ Մարուքյանի՝ անտառապահների խնդիրը լուրջ է։ «Մարդկանց հեկտարներով տարածք են տալիս հսկողության, մի հատ մեքենա են տալիս կամ չեն տալիս, մի 80-100 հազար աշխատավարձ են տալիս և ասում՝ հսկի, ծառերը հանկարծ չկտրեն, գետերը չաղտոտեն, ընձառյուծ էլ չխփեն, եթե խփեն՝ ԱԺ-ն խոստացել է 100 մլն ենք տուգանելու»,-ասաց նա և նման հարցադրում արեց․ «Էտ ո՞վ է բռնելու ընձառյուծ խփողին, որ տուգանեն, կամ որ բռնվի, այդ 100 հազար դրամ աշխատավարձ ստացո՞ղն է բռնելու»,-հարցրեց նա։
Ըստ Մարուքյանի, նույն տեմպերով հենց հիմա էլ անտառերը կտրում են, ինչ նախկինում էր։ Նա շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե անտառապահների թիվն արդյոք մտադի՞ր են ավելացնել։
Նախարարն ասաց, որ աշխատավարձերի մասով համամիտ է, բայց որոշակի բարձրացում եղել է, օրինակ՝ Դիլիջան ազգայի պարկում 75 000 դրամ էին ստանում, հիմա մոտ 150-170 հազար դրամ է ստանում անտառապահը։
Հարցին, թե ով կբռնի ընձառյուծ որսացողին, նախարարը պատասխանեց․ «Նույն ձև կարող ենք ասել 500 000 դրամ ստացող դատավորը 10 մլրդ գողացող չինովնիկին ո՞նց կբռնի»։
Անտառապահների թվի ավելացման մասին նախարարը նշեց՝ չեն ավելացնելու, բայց տեխնիկական միջոցներն ավելացնելու են․ «Հիմնական հսկողությունը ճանապարհների վրա կդրվի և ոչ թե ամբողջ տարածքների»։










