Եթե ունես ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա. բողոքի ակցիա՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով (տեսանյութ, թարմացված)
21:20
Էջմիածնում հանրահավաքի ժամանակ մեկ այլ քաղաքացի էլ հարց բարձրացրեց, թե ուր մնացին Դիանա Գասպարյանի խոստումները: «Դրա՞ համար է այս ժողովուրդը ձեզ ընտրել, որ ծեր կանանց վիրավորեք, դրա՞ համար ենք մենք պայքարել, դրա համար ենք հեղափոխություն արել: Չեմ հասկանում՝ նույն մանվելականնա՞ հետ գալիս, նույն ահ ու վախի մեջ պե՞տք է ապրենք: Եթե դուք մանվելական չեք, ինչո՞ւ Նազիկ Գրիգորյանը վերցնում է «ունիվերմակի» փողերը»,-ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու:
Ջիվան Աբրահամյանը նշեց, որ Դիանա Գասպարյանը չի կարողացել փոխվել: «Դուք մնացիք նախկին ռեժիմի սան և նախկին ռեժիմի ձեռագրով շարունակում եք»,-ասաց նա և նշեց, որ պայքարելու են մինչև վերջ:
Նստադուլ անողներից մեկն էլ Դիանա Գասպարյանին համարեց թյուրիմացություն և նշեց, որ 9 օր նստացույց անելու ընթացքում մի օր չի եկել:
Կանանցից մեկը դժգոհելով քաղաքապետից նշեց. «Պապայիդ ասա, որ իր ոտքերը կկոտրեմ, ու իր գրպանը կդնեմ»:
Այսպիսով՝ հանրահավաքից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ արեցին` խոստանալով, որ պայքարը շարունակելու են մինչև վերջ:
20:38
Էջմիածնում շարունակվում է հավաքը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ բարոյական նորմերը էջմիածնեցու հանդեպ խախտվել են:
«Այսօր էջմիածնեցուն չի ցուցաբերվել հավուր պատշաճի վերաբերմունք»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր բողոքողների թվում են նաև Դիանա Գասպարյանի քարոզարշավին եղած մարդիկ: Ըստ նրա` Դիանա Գասպարյանը սկսել է էժանագին պրովոկացիաների դիմել:
«Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, էս խոսքերս ձեզ համար թող օղ լինեն: Ամեն անգամ, եթե պատի անկյունում հակահեղափոխական բառն եք օգտագործում, ես այստեղ պարզ ժողովրդի առաջ կանգնում, ասում եմ` ձեր արարքներն են հակահեղափոխական, այլ ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Ու մի՛ ասեք, որ աղջիկա, կներեք, որ աղջիկա, քաղաքում թո՞ւյլ տանք՝ ինչ ուզենա, անի: Եկել եք, պետք է աշխատեք, ոչ թե եկել եք, ձեր տունը վերանորոգեք»,-ասաց նա:
Նա նշեց, որ քաղաքում այլևս չեն հանդուրժելու այսպիսի պահվածք: «Եթե չեք կարողանում կատարել ձեր աշխատանքը, ապա գտեք նոր աշխատանք, սա փիառվելու տեղ չի, դրա համար դերասանական ֆակուլտետ դիմեիք»,-ասաց Ջիվան Աբրահամյանը:
Դիանա Գասպարյանի ընտրական շտաբերից մեկի պատասխանատու Արտակը նշեց, որ ինքը հեղափոխությանը ակտիվ մասնակցել է: «Այսօր քաղաքացիներից շատերը մոտենում են ինձ, ասում են` ախպե՛ր, էս ում բերիք, մտնում ենք մոտը, «բշտում է»»,-ասաց նա:
Քաղաքացիներից մեկը ևս իր բողոքի ձայնը բարձրացրեց` նշելով, որ Դիանա Գասպարյանը չի սիրում աշխատել: «Տարիքով մարդկանց դես ու դեն եք ուղարկում` էս կաբինետ, էն կաբինետ: Եթե դու ունես բարձր ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա, դրանով մենք քեզ ավելի շատ կհարգենք, որ դու հասկացար քո սխալը»,-ասաց տիկինը:
19:57
Էջմիածնում տեղի է ունենում հավաք՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Դիանա Գասպարյանն իր լիազորությունները պատշաճ չի կատարում, Էջմիածնում շոշափելի փոփոխություններ իր պաշտոնավարման ընթացքում չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ ակցիայի մասին կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտնել էր Էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանի նստացույց իրականացնելուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:
Դիանա Գասպարյանն, անդրադառնալով հանրահավաք հրավիրելու Ջիվան Աբրահամյանի նախաձեռնությանը, նշել էր, որ հետագայում պարզ կլինի, թե քանիսը դրան կմասնակցեն: Նա հավելել էր, որ իրենից, իր աշխատանքից դժգոհությունները հենց Ջիվան Աբրահամյանի սուբյեկտիվ կարծիքն են:










