Ճապոնիայից չեզոքացուցիչներ են բերվել և դրա հիմքով Սևանի կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել․ նախարար

11:48 • 09.07.19

Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք այս վիճակի համար: Չենք կարող հանդուրժել, որ ձկնատեսակները վերանան, խոշոր եղջերավոր անասուները անկում ապրեն: Սրա կոնկրետ հասցեատերն ո՞վ է: Նման հարցեր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Բացի այդ, Մելքումյանը նկատեց, որ ժամանակին Սևանի շուրջ եղել է կոլեկտոր, որպեսզի կոյուղաջրերը Սևան չգնան. նա հարցրեց, թե վերականգնման հարց երբևիցե դրվե՞լ է։

Ի պատասխան՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ինքն այս հարցում, իհարկե, պատասխանատվություն կրում է, այլապես այս պաշտոնը չէր զբաղեցնի։ Ինչ վերաբերում է ձկնատեսակների անկմանը, նշեց, որ որևէ հիմնավորված տեղեկություն չկա, որ ձկնատեսակների անկում է եղել։

«Կենդանատեսակների լուրերը, որ տարածվեցին, նաև ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ դա առվույտի հետ կապված էր և ըստ մեր տեղեկության՝ գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին և տեղեկացնեն, որ դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»,-պարզաբանեց նախարարը՝ անդրադառնալով կովերի անկմանը, որ գրանցվել էր Սևանա լճի ափամերձ հատվածում:

Ինչ վերաբերում է կոլեկտորին, Գրիգորյանն ասաց, որ դա լավ գաղափար չէր, որովհետև կոլեկտորի վթարի դեպքում միանգամից համազարկային շատ մեծ աղտոտումներ կլինեին։

«Բայց երեկ մենք կառավարություն ենք ներկայացրել երեք քաղաքների, որոնք մեխանիկական մաքրում ենք իրականացնում, նրանց կենսաբանական մաքրման գնառաջարկները, որպեսզի վերազինվեն կենսաբանական մաքրման կայաններով: Ինչպես նաև հիմա ուսումնասիրում ենք գետերի հուների մաքրման աշխատանքները, և գումարներ ենք նախատեսում, քանի որ կառավարությունը պատրաստակամ է վճարել Գեղարքունիքի մարզում գետերի հուների մաքրման համար»,-ասաց նա։

Նախարարը ևս մեկ տեղեկություն հայտնեց․ «Երեկ երեկոյան ջրից նմուշներ ենք տվել մեր Ակադեմիային, քանի որ Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան. դրա հիմքով ՀՀ-ում ցեոլիտի հիման վրա հնարավոր է չեզոքացուցիչ կիրառել և հենց հիմա փորձեր իրականացվում են։ Ըստ ակադեմիայի մեր գործընկների՝ կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,-ասաց նա։