«Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ՀԾԿՀ հայտ չի մուտքագրվել. հանձնաժողովի մամուլի քարտուղարը` գազի գնի թանկացման լուրի մասին
Հանձնաժողովում հայտ չի մուտքագրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը`անդրադառնալով «Ժամանակ» թերթի տեղեկություններին, ըստ որոնց` ռուսական կողմը մտադիր է 2020 թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
«Այս պահի դրությամբ հանձնաժողովում ոչ մի հայտ մուտքագրված չէ, այսինքն` գազի սակագնի վերաբերյալ գործընթաց չկա»,-ասաց նա: Նա նշեց, որ բանակցություններից մանրամասներ հայտնելու իրավասություն չունի և նշեց, որ չի տիրապետում ինֆորմացիայի, թե երբ կավարտվեն բանակցությունները:
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ եթե նույնիսկ հայտ ներկայացվի հանձնաժողով, դրա ուսումնասիրության համար 80 օր է պահանջվում, որից հետո արդեն, երբ հանձնաժողովը որոշում ընդունի, դա ուժի մեջ է մտնելու մեկ ամիս հետո:
«Բացի այդ, երբ հայտը մուտքագրվի, հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակում կտարածվի, որ այն կա»,-ասաց նա:
Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է հազար խ/մ-ի դիմաց գրեթե 290 դոլար։










