Հնդկական Գոայում մտադիր են պարտադիր դարձնել ամուսնությունից առաջ ՄԻԱՎ-ի թեստերի հանձնումը

10:53 • 09.07.19

Հնդկաստանի արևմուտքում գտնվող և զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող Գոա նահանգի իշխանությունները մտադիր են պարտավորեցնել նահանգի ապագա նորապսակներին ամուսնությունից առաջ ՄԻԱՎ-ի թեստեր հանձնել, գրում է ria.ru-ն:

«Մենք մտադիր ենք ՄԻԱՎ-ի թեստերի հանձնումը պարտադիր պայման դարձնել Գոայում ամուսնության գրանցման համար: Այս պահին դա արվում է ըստ ցանկության»,-հայտնել է նահանգի առողջապահության նախարար Վիշվաջիթ Ռանեն:

Նա հիշեցրել է, որ 2006 թվականին նման նախաձեռնությունը հանրային քննարկման էր դրվել, սակայն օրենք չէր դարձել՝ նահանգի արդարադատության նախարարությունում մի շարք պաշտոնյաների դիրքորոշման պատճառով:

«Եթե այս անգամ մեզ հաջողվի ստանալ նրանց համաձայնությունը, մենք համապատասխան օրենքի նախագիծը կներկայացնենք Օրենսդիր ժողովի քննարկմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 15-ին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՄԻԱՎ-վարակակիրների ամենամեծ թվով երկրների ցանկում Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը (ավելի քան 2,1 մլն մարդ)՝ զիջելով Հարավային Աֆրիկային (7,1 մլն) և Նիգերիային (3,2 մլն):