Ալբանիայում ընդդիմության կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

14:28 • 09.07.19

Ալբանիայում ընդդիմության կողմնակիցները փետրվարից ի վեր 10-րդ բողոքի ազգային ակցիան են իրականացրել՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, հայտնում է EuroNews-ը:

Ցույցերին մի քանի հազար մարդ է մասնակցել: Նրանք պահանջել են Ռամայի հրաժարականը, որպեսզի «Ալբանիան Եվրոպայի մյուս երկրների պես դառնա»:

«Ալբանացիներն այժմ իրական փոփոխություններ են ուզում, և մենք ամեն ճանապարհով կգնանք, ամեն բան գործի կդնենք Ռամային իշխանությունից հեռացնելու համար: Եթե նա չհեռանա, Եվրամիությանն ինտեգրում, օրենքի գերակայություն կամ արդարություն չի լինի»,- հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լուլզիմ Բաշան:

Նշենք, որ այս տարվա աշնանը Եվրամիության անդամ երկրներն Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցություններ կսկսեն:

Ռաման երկրի վարչապետի պաշտոնում վերընտրվել է 2017թ.-ին: