Թափառող կենդանիների պահման ՀՈԱԿ-ում, որին քաղաքապետարանը 149 մլն դրամ է տրամադրել, պայմանները սարսափելի են. ահազանգում է «Լույս» խմբակցությունը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ. այս մասին տեղեկանում ենք ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
«Մենք «Լույս» խմբակցությունով գտնվում ենք համայնքային մի կազմակերպությունում թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ում, որը նորաստեղծ է: Պարբերաբար տարբեր կենդանասերներ մեզ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին: Պայմանները սարսափելի են»,- ասաց Խաժակյանը:
Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իրենք արդեն շրջել են տարածքով, եղել են վիրահատման սենյակում և այն սենյակում, որտեղ պահվում են կենդանիները՝ ստանդարտներից որևէ մեկը պահպանված չէ:
Խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասաց, որ ՀՈԱԿ-ին քաղաքապետարանը 149 մլն դրամ է հատկացրել:
Թեհմինա Վարդանյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ում տիրող իրավիճակը. «Նախասրահում տեղադրված են մի քանի վանդակներ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված են 3-4 կենդանի: Վիրահատարանի պայմանները խայտառակ են. ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում՝ չկա սառնարան, դեղորայքի կեսը հատակին, կեսը սեղանին լցված է»:
Անխի Խաչատրյանն էլ հավելեց, որ դեղերը պահելու պահարան չեն տեսել, շների վանդակների վրա գրված չէ, թե այդ շունը որտեղից է եկել և ոնց է հետ գնալու: Նրա խոսքով՝ հոտն էլ ահավոր է:
Նրանք շրջելով սենյակներում՝ ցույց տվեցին ՀՈԱԿ-ում կենդանիների պահման վատ պայմանները:
Մանրամասները՝ տեսանյութում:













