Հոնկոնգի ղեկավարը վիճահարույց արտահանձնման մասին օրենքի նախագիծը «մեռած» է հայտարարել. ցուցարարները շարունակում են դժգոհել
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ղեկավարությունը մտադիր չէ վերսկսել արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ քննարկումները, «օրինագիծը մեռած է», ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Քերի Լեմը:
«Վերջին շաբաթների իրադարձությունների պատճառն արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու փորձն է, որը ես գրեթե անմիջապես դադարեցրի, սակայն հանրության շրջանում դեռևս կասկածներ կան կառավարության անկեղծության վերաբերյալ, մարդիկ մտահոգված են՝ արդյո՞ք օրենքում փոփոխությունների նախագիծը չի վերանայվի օրենսդիր ժողովի կողմից»,- լրագրողներին ասել է Լեմը՝ ընդգծելով, որ նման պլաններ չկան:
Ցուցարարները, սակայն, բավարարված չեն ղեկավարի ելույթով: Նրանցից շատերը նկատել են, որ «մեռած լինելը» պաշտոնական որակում չէ, և որ Լեմը պետք է նախագիծը պաշտոնապես չեղարկված անվանի:
Նշենք, որ Հոնկոնգի ղեկավարը մտադիր չէ հրաժարական տալ պաշտոնից, որը ցուցարարների պահանջներից մեկն է, ինչպես նաև չի կարծում, որ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ օրինախախտումների գործով անկախ հետաքննություն սկսելու անհրաժեշտություն կա:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հունիսի 12-ին ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել նրանց նկատմամբ: Եվս մեկ լայնամասշտաբ ակցիա տեղի էր ունեցել հունիսի 16-ին, երբ բողոքի էր դուրս եկել շուրջ 2 մլն մարդ:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ կասեցնելով օրենքում փոփոխությունների մասին նախագծի դիտարկումը, իսկ Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել. նրանք պահանջել էին իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից:















