«Գաբունիան միասեռական է, իսկ նրա ելույթը գրել է Սաակաշվիլին». Վրաստանում նոր մեկնաբանություններ են արվում Պուտինին վիրավորած հաղորդավարի շուրջ
Վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը «Ռուսթավի 2» ալիքի ուղիղ եթերում վիրավորանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, միասեռական է: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման հայտարարություն է արել «Գրուզինֆորմ» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին:
«Հաղորդավար Գաբունիան և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գվարամիան դասվում են սեռական փոքրամասնության շարքը, նրանք միասեռականներ են, Գվամարիան հաղորդավարի զուգընկերն է», - հայտարարել է վրաց լրագրողը՝ հավելելով, որ դա Վրաստանի բնակիչներին համընդհանուր հայտնի փաստ է:
Խիդիրբեգիշվիլիի խոսքով՝ ինքը հենվում է հավաստի աղբյուրների վրա: Բացի այդ, նրա խոսքով՝ հաղորդավարի սկանդալային մենախոսության իրական հեղինակը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:
Վրաստանի նախկին նախագահն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վրաց լրագրողի գործողությունը «անհամ և անխոհեմ պոռթկում» էր:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են էլ ավելի սրվել:










