Ռուս զբոսաշրջիկները վրաց լրագրողի հետ կապված սկանդալից հետո հրաժարվել են մեկնել Վրաստան
Ռուս զբոսաշրջիկները մասսայաբար չեղարկում են Վրաստանի հյուրանոցներում նախապես ամրագրած սենյակները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիայի հետ կապված սկանդալից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ալավերդաշվիլին նշել է, որ 2019 թվականը զբոսաշրջության ոլորտի համար բարդ տարի է: Մայիսին և հունիսին, ըստ նրա, իրավիճակը, կարծես, բարելավվել էր, բայց ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալից հետո ամեն ինչ փոխվել է: Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել` համոզելու մարդկանց, չնայած առկա իրավիճակին, գալ և հանգիստն անցկացնել Վրաստանում:
«Մենք հավատում էինք, որ մեր աշխատանքը արդյունք կունենա, սակայն, ահա, այդ միջադեպին հաջորդեց մյուսը՝ Գեորգի Գաբունիայի հետ կապված սկանդալը: Առավոտից մեզ զբոսաշրջիկները մեզ հետ այլևս կապ չեն հաստատում, բոլորը պարզապես զանգվածաբար չեղարկում են ամրագրումները»,- գրել է Շալվա Ալավերդաշվիլին:










