ԱՄՆ-ում մեկնարկել է միջազգային անձնակազմի շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նոր ռեկորդ սահմանելու նպատակով
Երեքշաբթի ԱՄՆ Ֆլորիդա նահանգից մեկնարկել է միջազգային անձնակազմի ուղևորությունը՝ ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդության նոր ռեկորդ սահմանելու նպատակով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Կանավերալ հրվանդանի Ջոն Քենեդու անվան տիեզերակայանից մեկնարկած թռիչքի մասին տեղեկացրել են կազմակերպիչները: Առաքելությունն ստացել է One More Orbit անվանումը և նվիրված է Apollo 11 արշավի շրջանակներում Լուսնի վրա մարդու կողմից վայրէջք կատարելու 50-ամյակին, որը լրանում է հուլիսի վերջին:
«One More Orbit-ը գտնվում է երկնքում: Առաջին հանգրվանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանն է», - կազմակերպիչները գրել են իրենց թվիթերյան էջում:
One More Orbit կայքի համաձայն՝ ինքնաթիռի անջատումը թռիչքուղուց տեղի է ունեցել 09:32-ին:
Gulfstream G650ER ինքնաթիռում գտնվում են ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Թերի Վերթսը և բրիտանացի օդաչու Հեմիշ Հարդինգը: Նրանք պետք է հատեն Հյուսիսային բևեռը և վերալիցքավորման համար վայրէջք կատարեն Նուր Սուլթանում, որտեղ անձնակազմին կմիանա ռուս օդաչու-տիեզերագնաց Գենադի Պադալկան, որի հետ նախկինում Վերթսն աշխատել է Միջազգային տիեզերակայանում: Անձնակազմում ընդգրկված են նաև ևս վեց մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Հարավաֆրիկյան հանրապետությունից:
Նրանք նախատեսում են Ֆլորիդա վերադառնալ հուլիսի 11-ին: Յուրաքանչյուր վերալիցքավորման համար հատկացվում է 45 րոպե:










