Ապօրինի անտառահատումների պատժաչափերի խստացմանը վերաբերող նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։
Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները։ Բացի այդ, նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումներ են սահմանվել։
Առանձին խումբ կարգավորումները վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներին։
Հիշեցնենք, որ նաև փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված գումարի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամի։










