ԱՄՆ մաքսային և սահմանապահ ուժերը Պուերտո Ռիկոյում նավերից մեկում 3,7 մլն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել

12:11 • 09.07.19

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ուժերը Պուերտո Ռիկոյում նավերից մեկում 3,7 մլն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել, որը թաքցված է եղել 5 ուսապարկի մեջ, հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության աշխատակիցները թմրանյութերի դեմ պայքարի վարչության  աշխատակիցների հետ միասին առգրավել են գումարն այն բանից հետո, երբ նկատել են առանց լույսերի Պուերտո Ռիկոյից դեպի Ամերիկյան Վիրջինյան կղզիներ նավարկող նավին:

Երբ նավի նկատմամբ հետապնդում է սկսվել, այն կտրուկ հետդարձ է կատարել, շարժվել դեպի Պուերտո Ռիկոյի արևելյան Ֆախարդո առափյա քաղաքը և այնտեղ կանգ առել:

Հաղորդվում է, որ աշխատակիցների ժամանման պահին նավի ուղևորներին արդեն հաջողվել էր փախուստի դիմել: Կանխիկ գումարից բացի նավում հայտնաբերվել է նաև լիցքավորված ատրճանակ և 63 փամփուշտ: