«Դա վկայում է նրա թուլության մասին». Քսենյա Սոբչակը մեկնաբանել է «Ռուսթավի 2»-ի՝ Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցրած հաղորդավարի արարքը
Ռուս հեռուստահաղորդավարուհի, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակն իր տելեգրամյան էջում մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին տեղացած հայհոյանքները, գրում է ria.ru-ն:
Նրա խոսքով՝ լրագրողի անպարկեշտ արտահայտությունները միայն ցույց են տալիս նրա թուլությունը:
«Այդ հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է. ես 2010-ականների առաջին ելույթներից ասել եմ, որ Պուտինը կարող է ձեզ դուր չգալ, սակայն այդքան ցածր գլորվել և անպարկեշտ կերպով վիրավորել նրան պարզապես անմտություն է և խոսում է թույլ դիրքորոշման մասին»,- գրել է Սոբչակը:
Հեռուստահաղորդավարուհին վրացի լրագրողին համեմատել է դեռահասի հետ, ինչպես նաև նշել, որ իր հայտարարություններում նման հռետորաբանություն է բանեցնում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, սակայն, իր կարծիքով, նման դիրքորոշումը միայն վախեցնում է մարդկանց, այլ ոչ թե գրավում:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:










