Չինաստանում 2-ամյա երեխայի ձեռքը մնացել է շարժասանդուղքի աստիճանի և կողապատի արանքում (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում երեխան քիչ է մնացել՝ շարժասանդուղքով իջնելիս զրկվի ձեռքից, գրում է Daily Mail-ը:
Անվտանգության համակարգի տեսախցիկի արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես է մայրը 2 տարեկան երեխայի հետ իջնում շարժասանդուղքով, երբ վերջինս մեջքի վրա ընկնում է, և ձեռքը հայտնվում է շարժասանդուղքի կողապատի և մետաղական պանելի արանքում:
Երեխայի մայրը սկսել է խուճապահար բղավել: Անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են միջադեպին՝ վերջին պահին անջատելով մեխանիզմը:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք 30 րոպեում կարողացել են ազատել երեխային: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել: Նրա վնասվածքների մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Հաղորդվում է, որ վերջին տարիներին Չինաստանում շարժասանդուղքների վրա մի շարք վտանգավոր դեպքեր են տեղի ունեցել, որոնցից մեկը՝ մահվան ելքով:














