Ինքնահոս ջրի խողովակաշարը պատրաստ է, բայց կառավարությունը քայլեր չի ձեռնարկում. Ձորաղբյուրում ջրի խնդիրը չի լուծվում (տեսանյութ)
Ձորաղբյուրի ամառանոցի բնակիչներն ահազանգում են, արդեն ամռան կեսն է, սակայն իրենք չունեն ոռոգման ջուր, իսկ խմելու ջրի մասին ավելորդ են համարում խոսել: Խնդիրը մի քանի տարվա պատմություն ունի: Խորհրդային շրջանից հետո պոմպերը չեն փոխվել, ինչի հետևանքով վթարներ լինում են գրեթե ամեն օր:
«Էդ պոմպերը մեզնից ձեռք են քաշել, իսկ մեր կառավարությունը՝ ոչ: Բերել են ինքնահոս ոռոգման ջրի համար խողովակաշար են անցկացրել, գործի 90 տոկոսն արված է, սակայն կառավարությունը մնացած 10 տոկոս աշխատանքը ավարտին չի հասցնում»,-ասաց Ձորաղբյուրի բնակիչներից մեկը:
Քաղաքացիներն ասում են, որ անձրևաջուրը տանիքներից խողովակով լցնում են լողավազան, որպեսզի կարողանան ծառերը ջրեն:
«Ամռանն անձրևաջուրն ենք հավաքում, ձմռանը ձյունն ենք հալում, որպեսզի ջուր ունենանք, նույնիսկ հետամնաց երկրներում այսպիսի բան չեք տեսնի: 1 ցիստեռն կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները մեզ վաճառում են 10.000 դրամով: Բոլորս էլ գրեթե թոշակառու ենք, 30-40 հազար թոշակ ստանալով ինչքա՞ն կարող ենք ջուր առնել»,- ասում են բնակիչները:
Ամառանոցում ընդամենը մեկ աղբյուր կա, որը մամռակալած է, իսկ տեղ հասնելու պետք է ծայրաստիճան զգույշ լինել, ամեն քայլափոխին օձեր են:
Ձորաղբյուրում առկա է նաև կոյուղու և ճանապարհների խնդիր, սակայն այս մասին դեռ չեն բարձրաձայնում, ասում են՝ առաջնայինը ջրի հարցն է:
Մանրամասները՝ տեսանյութում










