Սևանի շուրջը ձգված խողովակաշարերը հափշտակվել են և քրեական գործեր չեն հարուցվել, կա՞ն արտոնյալ մարդիկ․ Ն․ Բաղդասարյան

11:22 • 10.07.19

ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ելույթը վերաբերում էր Սևանի կանաչելու վերաբերյալ երեկ ծավալված քննարկմանը։ Նա նշեց, որ նիստին հարց բարձրացվեց Սևանի կոլեկտորների մասին, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ. խորհրդային տարիներից ամբողջ Սևանի շրջակայքով ձգված խողովակաշարեր էին դրված, այդ աշխատանքները կատարվել էին 80%-ով։

Բաղդասարյանը նշեց. «Ես տեսա, որ այդ կոլեկտորները հափշտակվել են և կոնկրետ անուններ են նշված։ Փորձեցի հասկանամ՝ այդ փաստի առթիվ քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ: Տեսա, որ չկան հարուցված քրեական գործեր»։

«Իմ քայլի» պատգամավորը նաև ասաց, որ Սևանի ափամերձ ծառերի մաքրման աշխատանքներն էլ չեն կատարվել և այս դեպքում էլ քրեական գործեր չեն հարուցվել։

«Ես կկազմեմ համապատասխան նամակագրությունը, կհրապարակեմ խմբակցությունում հարցը, թե մեր պետությունում կա՞ն արտոնյալ մարդիկ, թե՞ չէ: Եթե լուրջ հափշտակություններ են կատարել, ինչո՞ւ պատասխան չեն տալիս»,-ասաց նա։